ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոուտսը ներկայացրել է զեկույց, որտեղ հիշատակված է նաև Լեռնային Ղարաբաղը: Քոուտսը կանխատեսում է` Հայաստանի ու Ադրբեջանի փոխգրործակցությունը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցում կարող է վերաճել ռազմական բախման: Նրա եզրակացության փաստարկն է, որ հիմա հայկական ու ադրբեջանական կողմերը փոխզիջման չեն գնում` Հայաստանի ու Ադրբեջանի հասարակություններում ճնշումը մեծացնելու միտումներ կան: «Լեռնային Ղարաբաղի շուրջ լարումը կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական կոնֆլիկտի Երևանի ու Բաքվի միջև, ուր կարող է ներքաշվել Մոսկվան` իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար»` ասված է զեկույցում: Քոուտսը ուշադրություն է հրավիրում Բաքվի ռազմական մոդեռնացմանը և հիշեցնում է, որ Հայաստանը գնել է ռուսական նոր զինատեսակներ: Նրա կարծիքով` դա մեծացնում է ռիսկերը և վկայում է ռազմական կոնֆլիկտի մասշտաբային ռազմական գործողությունների մասին արդեն 2018-ին: Եզրակացությունը հասկանալի է` քանի կոնֆլիկտը կարգավորված չէ, իսկ կողմերը կոշտ ու անզիջում դիրքերում են, պահպանվում է ռազմական գործողությունների հավանականությունը:
ՈՒնի՞ ԱՄՆ-ը չհրապարակված լրացուցիչ տվյալներ, որոնց հիման վրա կարելի է խոսել ռազմական գործողությունների հավանականության մասին: Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը կարծում է, որ «զեկույցը ներկայացնում է ռիսկերի գնահատականը և հիմնված է ամերիկյան հետախուզության ներկայացրած տեղեկատվության սինթեզի վրա»: Խոսքը ոչ միայն ԿՀՎ-ի մասին է, այլև ԱՄՆ-ի 17 հետախուզական ծառայությունների: «Երբ հետախուզական հանրության անունից հրապարակվում են սեփական գործակալների հաղորդումների և բաց աղբյուրներից տեղեկատվության համադրման վրա ինչ-որ կանխատեսումներ, պետք է նկատի ունենալ, որ դա որոշակի քաղաքական ներգործություն կարող է ունենալ, բայց այս դեպքում այդ գործոնը չի գերիշխում: Բոլոր դեպքերում, երբ ԱՄՆ-ը ինչ-որ տեղեկություն է հրապարակում, առաջին հերթին մտածում է իր մասին: Զեկույցը վերաբերում է հենց ԱՄՆ շահերին և դիտարկում է նաև ռուսական միջամտությունը Հայաստանի կողմից: Վաշինգտոնը փորձում է գնահատել Ռուսաստանի մասնակցությունը այդ կոնֆլիկտին սեփական շահերի տեսակետից»` կարծում է Ավիգդոր Էսկինը: Մյուս կողմից` «Դոնալդ Թրամփի վարչակարգը ակտիվ քաղաքականություն չի վարի Կովկասում` ոչ Վրաստանի, ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի առնչությամբ: Կովկասը Թրամփի համար շատ հեռու, սակավ հետաքրքիր տարածաշրջան է»` ըստ Էսկինի: 2016-ի փետրվարին Կոնգրեսի լսումներում ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը ներկայացնում էր ամենամյա զեկույցը և նույնպես կանխատեսում էր լարվածության աճը Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Արևմտյան շատ ԶԼՄ-ներ սկսեցին գրել «Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի» հնարավորության մասին, որ իրականացավ ապրիլի սկզբին: Քոուտսի զեկույցին պետք է լուրջ վերաբերվել:
Գուցե պատահականություն է, բայց նրա հերթական ելույթը ժամանակագրորեն համընկավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Երևանն ու Զանգեզուրը գրավելու հայտարարության հետ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ այդ «ելույթը բացահայտորեն չի նպաստում լարվածության նվազմանը»: Նկատելի ակտիվացել են և ադրբեջանցի քաղաքագետները: Միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ասաց. «Ես չեմ կարծում, որ հենց մի քանի օրից պատերազմ է սկսվելու, թեպետ ռազմական հռետորաբանությունն ուժեղանում է: Բայց որ առաջընթաց չկա կոնֆլիկտի կարգավորման մեջ նշանակում է, որ պատերազմի վերսկսման ռիսկերն ավելանում են, մթնոլորտը վատանում է» և «միաժամանակ մեծանում է շփման գծում միջադեպերի թիվը»: Այսինքն` «ոչ մի երաշխիք չկա, որ ինչ-որ պահի կփլուզվի թվացյալ կայունությունը»: Մինչ այդ մի քանի եզրակացություններ: Նախ` ակնհայտ է դառնում, որ Ալիևը բացահայտորեն սկսել է խաղալ Հայաստանի հետ լարվածության վրա և ձախողում է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հրադադարի ռեժիմի աջակցության լրացուցիչ միջոցների մասին: Սակայն նրա դիվանագիտական մենամարտն այդ ուղղությամբ տանուլ է տրված, իսկ Բաքվի վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ճնշումը ավելանում է: Երկրորդ` Քոուտսի զեկույցից բխում է, որ ղարաբաղյան ճակատում մարտական գործողությունների վերսկսման դեպքում գլխավոր «մոդերատորը» մնալու է Մոսկվան, ոչ թե ԱՄՆ-ը:
Այդ պատճառով ադրբեջանահայկական հարաբերությունների ներկա սրման նախադրյալները պետք է որոնել Ադրբեջանի ներքաղաքական կյանքում, գուցե և տնտեսության մեջ: Իմ կարծիքով` հազիվ թե Ալիևը Հայաստանի հետ պատերազմ սկսելու ռիսկին գնա, որին կարող է ներքաշվել Մոսկվան: Ղարաբաղյան ուղղությամբ Ադրբեջանը փաստացի մեկուսացման մեջ է: Նրա դաշնակից Թուրքիան հիմա խրվել է բարդ խնդիրների լուծման մեջ: Այլ հարց է, որ Բաքուն փորձում է «գոլորշին փակել» նախագահական ընտրարշավի սկզբի պահին, որ «մեծացած ճնշումը» օգնի ներկա նախագահին հաղթել նախագահական ընտրություններում: ՈՒստի` Հայաստանի վերաբերյալ Ալիևի հայտարարությունները շարունակվելու են: Պետք է ուշադիր հետևել` ինչ է լինելու հետո:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մարիա Զախարովայի հայտարարությանը: ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Զախարովայի խոսքերը Բաքվում «թյուրիմացություն» են առաջացրել: «Հաշվի առնելով մեր երկրների միջև եղած ռազմավարական համագործակցությունը՝ երկրի ղեկավարի խոսքերի վերաբերյալ նման վերաբերմունքը մենք համարում ենք սխալ»,- ասել է Հաջիևը: «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում նախագահ Իլհամ Ալիևը խոսել է ոչ թե ադրբեջանական պատմական հողերի վերադարձի, այլ իրենց պատմական տարածքներ ադրբեջանցիների վերադարձի մասին», ասել է նա: Հետաքրքիր է` ինչպե՞ս: Իբրև զբոսաշրջի՞կ, թե՞ զինվոր: Իսկ ընդհանրապես Ավիգդոր Էսկինը ճիշտ է` ԱՄՆ-ի զեկույցը վերաբերում է ԱՄՆ շահերին և կատարված է ԱՄՆ տեսանկյունից, որը կարող է համարժեք չլինել իրականությանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ